Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անորոշության սկիզբ՝ Ռեքս Թիլերսոնի այցից առա՞ջ, թե՞ հետո

Անորոշության սկիզբ՝ Ռեքս Թիլերսոնի այցից առա՞ջ, թե՞ հետո
10.04.2017 | 23:50

Պուտինն անսպասելի քայլեր է անում արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական նպատակներով, Թրամփը ոչ մի ռազմավարություն չունի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող են գործընկերներ դառնալ կամ հակառակորդներ՝ Tagesspiegel-ի կայքում գրում է Լիանա Ֆիքսը՝ Կերբերի հիմնադրամի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի փորձագետը: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններն անորոշության փուլ են մտնում: Վաշինգտոնը Մոսկվային անակնկալի բերեց՝ հրթիռակոծելով Սիրիայի ավիաբազան: Սպիտակ տունն այդ քայլին գնաց այն պահին, երբ Ռուսաստանը, թվում էր, ստանձնել է Սիրիայում առանցքային խաղացողի դերը և նույնիսկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ակնարկել էր, որ Վաշինգտոնն այլևս չի պնդում Սիրիայի ապագան բացառապես առանց Ասադի: Որոշ փորձագետներ նշում էին, որ ուժերի այդ դասավորությունը քարտ բլանշ է սիրիական վարչակարգին, որ կարող է հետևանքներ ունենալ, այդ թվում քիմիական գրոհը Իդլիբ նահանգում: Պարզ չէ՝ ԱՄՆ հրթիռակոծումը խորհրդանշակա՞ն, թե՞ ռազմամարտավարական նշանակություն ուներ: Վստահաբար՝ հրթիռակոծումը կասկածի տակ դրեց և ջնջեց ռուսական գերակայության հավակնությունները Սիրիայում: Այդ պատճառով Մոսկվան արձագանքեց ավիաբազայի հրթիռակոծմանը զայրույթով՝ փորձելով վախեցնել ԱՄՆ վարչակարգին՝ Ասադի դեմ հետագա քայլերը կանխելու համար: Փաստը, որ Վաշինգտոնը, ակներևաբար, ռուսական կողմին տեղեկացրել է հարվածի մասին, նշանակու

մ է, որ Սիրիայում ռուսների ու ամերիկացիների առճակատում չի լինի և շուտով ամեն ինչ կհանդարտվի: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի կոնֆլիկտային ներուժը Սիրիայում հաստատում է՝ ինչ կանխատեսել էին սթափ դատող փորձագետները Մոսկվայում՝ ռուս-ամերիկյան մերձեցումը նախագահ Թրամփի օրոք շատ ավելի բարդ է լինելու, քան Մոսկվային թվում էր Դոնալդ Թրամփի հաղթանակի էյֆորիայում: Մի քանի շաբաթ առաջ Կրեմլը հիասթափություն արտահայտեց Վաշինգտոնի դրական ազդանշանների թուլությունից: Գուցե Թրամփը Մոսկվայի համար իրոք ցանկալի թեկնածու էր նախագահական ընտրություններում, սակայն պարզվեց, որ նա «սև արկղ» է՝ լի տարատեսակ անակնկալներով: Մինչև հիմա ՌԴ նախագահն էր անկանխատեսելի խաղացող համաշխարհային քաղաքականության մեջ, որ կարողանում էր այդ փաստը իր օգտին շրջել: Անկանխատեսելի շախմատային քայլերը ՈՒկրաինայում ու Սիրիայում Մոսկվան վերածել էր իր արտաքին քաղաքականության գործիքների: Հիմա ՌԴ նախագահը բախվում է ընդդիմախոսի հետ, որ ոչ միայն իրեն անկանխատեսելի խաղացող է ներկայանում, այլև գործում է քաոսային ու իմպուլսիվ: Կրեմլի նկատմամբ քննադատաբար տրամադրված Հիլարի Քլինթոնը Մոսկվայի համար շատ ավելի հասկանալի էր: Լիովին հավանական է, որ G20 սամմիթում Թրամփի ու Պուտինի հանդիպման պահին ներկա միջադեպը համարվի սպառված:

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա քաղաքականության ուրվագծերը չեն երևում, դա վա բանկ է՝ հիմնված Թրամփի անձնական ցանկության վրա՝ հարթել Կրեմլի հետ հարաբերությունները և ԱՄՆ-ի ներքաղաքական բանավեճերը: Մնացած խաղացողների համար դա նշանակում է՝ անվստահության դարաշրջան Մերձավոր ու Միջին Արևելքում, Եվրոպայում: Հենց այսօր է անհրաժեշտ եվրոպական միասնական քաղաքականություն թե ԱՄՆ-ի, թե ՌԴ-ի նկատմամբ:
Լիանա ՖԻՔՍ, Tagesspiegel


Հ.Գ. Այսօր արդեն հայտնի է, որ ԱՄՆ 54 «Թոմահավկերի» կեսն է նպատակակետին հասել, և դա ոչ այնքան հետևանք է ԱՄՆ զինվորականների վատ թիրախավորման, որքան ռուս զինվորականների՝ հրթիռները ապակողմնորոշելու: Ինչո՞ւ ոչ բոլորը: Ամեն գործ իր գաղտնիքներն ունի: Դևիդ Սենջերը The New York Times-ում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոշտ դիրքորոշում է արտահայտել ՌԴ-ի նկատմամբ Մոսկվա առաջին այցի նախօրյակին՝ Ռուսաստանն անվանելով «ոչ կոմպետենտ», որովհետև թույլ է տվել Սիրիային քիմիական զենք պահել և մեղադրելով Եվրոպայի ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ՝ օգտագործելով նույն մեթոդները, ինչ ԱՄՆ-ի պարագայում: Այդ հայտարարությունները արտացոլում են Թիլերսոնի ակնկալիքները, որոնց մասին նա մասնավոր զրույցում ասել է օգնականներին ու Կոնգրեսի անդամներին՝ որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները արդեն վերադառնում են նորմային՝ տարաձայնություններ, անվստահություն, մեկմեկու ազդեցությունը խարխլելու փորձեր: «Դա անխուսափելի էր,- կարծում է Ֆիլիպ Գորդոնը՝ Մերձավոր Արևելքի փորձագետ:- Ի սկզբանե Թրամփի բարեկամական նախաձեռնությունն անհամատեղելի էր մեր շահերի հետ և հասկանալի էր, որ դա լավ չի վերջանալու»:
Նման կոշտ հայտարարություններն ավելի են բարդացնում Թիլերսոնի աշխատանքը, որ երեքշաբթի Մոսկվայում է լինելու՝ առաջինը Թրամփի աշխատակազմից: Նա պետք է կտրուկ նախազգուշացումներ անի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե հանդիպեն, նա պետք է հետագա քայլերը նշի ԻՊ-ի դեմ համատեղ պայքարում ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առնչությամբ: Սակայն երբ Թիլերսոնը եկավ Իտալիա G7-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, Թրամփի վարչակազմը հակասական ազդանշաններ ուղարկեց Սիրիայում իր քաղաքականության վերաբերյալ և Սիրիայի նախագահին հովանավորության պատասխանատվության աստիճանի: Թիլերսոնը և ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական գեներալ-լեյտենանտ Մակմաստերը հայտարարեցին, որ Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ գրոհի նպատակը բացառապես հետագա քիմիական հարձակումները կանխելն էր, ոչ թե Ասադի կառավարության ապակայունացումը կամ իշխանազրկումը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները ցանկանում են թույլ տալ Սիրիայի ժողովրդին որոշում ընդունել» Ասադի ճակատագրի վերաբերյալ՝ նշեց Թիլերսոնը: Արտահայտություն, որ հաճախ էր օգտագործում իր նախորդը՝ Ջոն Քերին: «Մենք տեսել ենք՝ ինչ տեսք ուներ Լիբիայում իշխանության բռնի փոփոխությունը և ինչ քաոս կարող է դա առաջացնել»՝ հայտարարեց նա: Դա ցույց է տալիս, որ Թրամփը դեռ չունի մասշտաբային ռազավարություն Սիրիայի հարցում: Հետայսու Մերձավոր Արևելքի փորձագետները կարծում են, որ դա գուցե և լավ է: «Ես ուրախ եմ, որ նա մանրամասն մշակված ռազմավարություն չունի Սիրիայի հարցում, որովհետև եթե լիներ, ամենայն հավանականությամբ սխալ էր լինելու»՝ կարծում է Ռայան Կրոկերը՝ ԱՄՆ փորձառու դիվանագետներից մեկը այդ տարածաշրջանում: «Այստեղ չափազանց շատ են փոփոխականները, չափազանց շատ են անհայտները»՝ ասում է նա՝ ներառելով ԱՄՆ դաշնակիցների ակնկալիքները, այդ թվում Սաուդյան Արաբիայի, որ կարծում է՝ Թրամփը պետք է գերակայությունը տա Ասադի պաշտոնանկությանը ԻՊ-ը ջախջախելուց առաջ:


Այսօր արդեն բանակցելու են Լավրովն ու Թիլերսոնը: Եթե Թիլերսոնը Հռոմից Մոսկվա, այնուամենայնիվ, գնա և չորոշի Բորիս Ջոնսոնի պես այցը հետաձգել: Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները ինչպիսին էլ եղել են, Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հանդիպել ու հեռախոսել են՝ քննարկել կարևոր խնդիրները: Կլինի՞ Թիլերսոնը Քերիի գործի շարունակողը, թե՞ Թրամփը Օբաման չէ, Թիլերսոնը՝ Քերին: Այսօր կերևա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ